Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

«Ես կարող էի իմ եկամուտներով շոգենավ գնել, բայց նախընտրում էի թատրոն պահել»

«Ես կարող էի իմ եկամուտներով շոգենավ գնել, բայց նախընտրում էի թատրոն պահել»
17.07.2009 | 00:00

«Ո՞ՒՐ ԵՆՔ ԷԴՊԵՍ ԲՈԲԻԿ ՎԱԶՈՒՄ»
…և ոչ միայն մշակույթի մասին

«Իրավունքը de facto»-ի հյուրն է «Գոյ» փորձարարական թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, «Տոնինո Գուերա» միջազգային ասոցիացիայի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ, ում հետ զրույցը մերօրյա անցուդարձի ու հայ մարդու նկարագրի շուրջ է:
«ԳՈՅՈՒՄ» ԿԱ ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ. ԴԱ ԱՄԵՆԱՄԵԾ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է»
-Պարոն Մազմանյան, 90-ականների սկզբին` մեր անկախացումից անմիջապես հետո, Հայաստանի թատերական գործիչների միությունը համագումար էր հրավիրել, որի ընթացքում թատերական գործիչները խուճապահար ու ցայտնոտային տրամադրության մեջ խոսում էին պետական հովանավորչության բացակայության, թատրոնի առջև ծառացած նորահայտ, բարդ խնդիրների մասին: Դուք մեկն էիք քչերից (գուցե և միակը), ով առանձնացավ իր ինքնավստահ կեցվածքով, համարձակ խոսքով: Ի պատասխան համընդհանուր հոռետեսության` հայտարարեցիք, թե սարսափելի ոչինչ չի պատահել, թե ձեր թատրոնում չկան անլուծելի ֆինանսական, տնտեսական խնդիրներ, քանի որ ինքներդ եք հոգում թատրոնին անհրաժեշտ բոլոր ծախսերը, կարողանում եք ներկայացումներ բեմադրել, աշխատավարձ վճարել և ոչ մեկից ոչինչ չեք պահանջում: Անկախության այս գրեթե երկու տասնյակ տարիների ընթացքում, երբ դեռևս կան առկախ հարցեր, Ձեզ հաջողվե՞լ է պահպանել 90-ականների ինքնավստահությունն ու լավատեսությունը:
-Նախ՝ շնորհակալություն այս հարցի համար: Այո՛, այն ժամանակ ես ավելի ինքնավստահ ու անկախ էի: Բանն այն է, որ մենք ընկերներով ստիպված էինք ստեղծել ֆինանսատնտեսական մասնավոր համակարգ՝ «Գոյակ» մշակութային միությունը, որը գոյություն ունի առայսօր: Այն բավականին մեծ ու լուրջ բեռ էր վերցնում իր վրա: Տնտեսական խնդիրներ էինք լուծում: Երկրում նավթ չկար, նավթ էինք բերում, բլոկադայի մեջ էինք, հաց ու ալյուր չկար, Կրասնոդարից ինքնաթիռով հաց ու ալյուր էինք բերում, կարագ ու շաքար: Այդ եկամուտների հաշվին գոյում էր «Գոյը»: Ես կարող էի իմ եկամուտներով, ասենք, շոգենավ գնել, բայց նախընտրում էի թատրոն պահել: Եվ ինքներս մեզ համար դա անվանում էինք մշակութային քաղաքականություն: 1995-ից սկսած` եղան հայտնի դեպքերը, բանտը և այլ բաներ, որոնք մեջքս կոտրեցին: Այդ ամենն իրականում միտված էր տնտեսական անկախությունը կոտրելուն: Երբ ես բանտից դուրս եկա, ընկերներս առաջին անգամ պարտքեր էին կուտակել, ու երկար ժամանակ չէինք կարողանում դրանց տակից դուրս գալ: ՈՒնեցանք մեծ կորուստներ, տնտեսական ծանր ճգնաժամային պահեր, որ այսօր կարծես թե հաղթահարել ու ապրում ենք: Այն, որ «Գոյ» թատրոնը, շնորհիվ մեր սեփական միջոցների, հովանավորների աջակցության, մշակույթի նախարարության մասնակի ֆինանսավորման, երրորդ անգամ վերաբացվեց իր քսանամյա հոբելյանի տարում, արդեն մեծ ձեռքբերում է: Իհարկե, եղած միջոցները բավարար չեն թատրոնի կարիքները հոգալու համար: Բայց, այնուամենայնիվ, մենք, արդեն քսան տարի է, անում ենք բաներ, որ շատերն այսօր նոր-նոր են անում։ Եղել ենք ազատ էքսպերիմենտալ հարթակ, որտեղ ծնվել ու ծնվում են դեբյուտանտ ռեժիսորներ, Սերգեյ Դանիելյանի, Սամսոն Ստեփանյանի, Արթուր Սահակյանի նման արվեստագետներ: «Գոյը» երբեք չի դավաճանել փորձարարական դաշտ լինելու իր սկզբունքներին: Հիմա էլ թատրոնի խաղացանկում ընդգրկված են Արթուր Մանուկյանի «Ճանապարհը»` «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ, Բրեդբերիի «451 աստիճան՝ ըստ Ֆարենհայթի», Պետեր Վայսի «Մարատ Սադ» ստեղծագործությունների հիման վրա արված ներկայացումները: Ամեն անգամ տնտեսական ճգնաժամը, աշխատավարձի բացակայությունը թատրոնի մեջքը կոտրում էին, խանգարում մեր աշխատանքներին, հիմա դարձյալ փորձում ենք պահել մեր թատրոնը, մասնավոր բիզնեսով ենք զբաղվում, բայց ասել, որ այդ ամենով լիարժեք հոգում ենք մեր խնդիրները, չեմ կարող: Անընդհատ դիմում ենք կառավարությանը, մշակույթի նախարարությանը, որպեսզի, վերջապես, ի կատար ածվի 2005 թվականին ընդունված որոշումը՝ «Գոյ» թատրոնին բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի կարգավիճակ տալու հարցը: Կառավարության որոշումը կա, բայց առայսօր ի կատար չի ածվել: Հետևաբար, ֆինանսական ազատության, ինքնավստահության զգացումն առաջվանը չէ: Իսկ լավատեսությունը, հավատը, որ ամեն ինչ ճիշտ ենք արել ու լավ ենք արել, պահպանվում է: Այն արժեքային համակարգը, այն միջավայրը, որ կար «Գոյ» թատրոնում, հիմա էլ կա: Այստեղ գոյում են անհատներ, ստեղծագործում, փորձում, սխալվում: «Գոյում» կա սխալվելու իրավունք. դա ամենամեծ ազատությունն է: Կուզեք գլուխ գովել համարեք, բայց փաստ է, որ աշխարհի տարբեր երկրներում (ոչ թե սփյուռքի գաղութներում, այլ միջազգային ֆորումներում) տասնյակ անգամ մեր թատրոնը Հայաստանի պետական դրոշն է ներկայացրել: Սա այս սերնդի թատրոնն է, թատրոն, որ ծնվեց երկրաշարժի ու ազգային շարժման հետ: Եվ, բարեբախտաբար, մեզ սպասում են, մենք ունենք պահանջարկ, հասարակությունն ուզում է էսպիսի թատրոն, էս տեսակ մտածողություն: Իհարկե, պիտի խոստովանեմ, որ այդ լավատեսությունն ամենաշատը կոտրվում է մարդկային գործոնի, ներքին վիրավորանքի, անընդհատ զազրախոսության դաշտում լինելու պատճառով: Զազրախոսություն, որ կարող է ծավալվել ցանկացած հարթության վրա, սկսած նրանից, թե ինչ շուն ես գնել երեխայիդ համար և ինչ գնով: Ոմն «տարեգիր» Վասակ, որ ո՛չ քարը քարին է դրել, ո՛չ երեխա է դաստիարակել, ո՛չ մի կարգին գիրք է գրել, այլ ընդամենը Շաշաստանի օրենքներով, Քաջ Նազարի բախտով մի կարճ ժամանակ աշխատել է ՆԳՆ վարչության պետ, և մի «կին ատամնատեխնիկ» անընդհատ ինչ-որ բաներ են տպագրում բամբասանքի մակարդակով` հօգուտ Լևոն Տեր-Պետրոսյանի և այն տղաների, որոնց հետ ժամանակին խմել են սրճարանում: Այդ մակարդակով արդեն ժամանակավրեպ է ապրել այս երկրում:
-Ձեր կապը Տոնինո Գուերայի հետ, նրա անունը կրող միջազգային ասոցիացիայի մասնաճյուղի ղեկավարը լինելու հանգամանքը բացատրվում է «Գոյ» թատրոնի՝ դրսում ունեցած հաջողություններո՞վ, թե՞ անձնական մտերմությամբ:
-Ի պատիվ և հուրախություն ինձ, պիտի ասեմ, որ այդ կապը զուտ մեր անձնական մտերմության, իմաստային ոլորտի բարեկամական հարաբերությունների արդյունք է: Երջանկություն է նման մարդու կողմից որպես ընկեր ընկալվելը: Մենք միասին աշխատում ենք, շփվում, զբոսնում, եթե ժամանակ է լինում: Նա իր պոեմը` «Մեղրը», հատուկ մեզ համար վերածել է պիեսի, ավելի ճիշտ` ներկայացման պարտիտուրայի, որի համար շատ շնորհակալ եմ և հպարտ:
«ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՈՒՆ Է ԱՅՆՔԱՆ, ՈՐՔԱՆ ԿԱՐՈՂ ԷՐ ՀԱՍՈՒՆ ԼԻՆԵԼ ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»
-Արևմուտքը մեզ տարբեր կերպ է ընկալում մշակութային և քաղաքական ոլորտներում: Ըստ Ձեզ` օբյեկտիվորեն շա՞տ են տարբեր մեզանում այդ ոլորտները, թե՞ պատճառն այն է, որ մշակույթի հանդեպ լավ վերաբերմունքը չի վնասում մեծ տերությունների քաղաքական շահերին, մի բան, որ չես ասի քաղաքական դաշտի վերաբերյալ:
-Երբեմն, այո՛, շատ են տարբերվում այդ ոլորտները: Ես հիշում եմ Հաննովերում 2000-ին կայացած «Միլենիում» նախագիծը, որը տևեց կես տարի: Ներկայացվում էին ազգային մշակույթի օրեր: Հայկական նախագծի հեղինակը ես էի: Մենք վարկանիշային սանդղակով ճանաչվեցինք լավագույնը 134 ազգերի և պետությունների մեջ: Խոստովանենք` սա շատ հաջող «մասխարություն» է. այնտեղ ոչ ոք մեր խնամին ու բարեկամը չէր, որ մեզ «լավության կարգով» նման գնահատականի արժանացներ:
-Մշակութային արժեքներով այդքան գնահատված երկիրը մշտապես քաղաքական մոնիտորինգի տակ է միջազգային ատյաններում: Ո՞րն է, այնուամենայնիվ, սրա բուն պատճառը:
-Մեր հասարակությունը քաղաքականապես հասուն է այնքան, որքան կարող էր հասուն լինել այս պայմաններում: Հազար տարի անկախության, պետականության ինստիտուտները չվայելած, ստրկացված, պարտվածի կարգավիճակում պահված ազգն այսօր այսքան էլ որ կա, վատ չէ: Բա ի՞նչ էինք սպասում, որ 15-20 տարում միանգամից դառնայինք կաթոլիկից ավելի կաթոլի՞կ, հոլանդացուց ավելի բիսեքսուա՞լ: Նախ` արդյոք պե՞տք է այդ աստիճան ինտեգրվել արևմտյան արժեքներին, ո՞ւր ենք էդպես բոբիկ վազում: Մենք պիտի կարողանանք այդ ամբողջ արժեքային համակարգը մարսել, համադրել մեր ազգային մենթալիտետի հետ, վերցնել այն, ինչը հարիր է մեզ, մերժել այն, ինչը հարիր չէ, որպեսզի օրգանիզմը չթունավորվի: Պիտի ունենանք մշակութային պաշտպանվածության դոկտրին, այլապես հոգևորով, ավելի ճիշտ, չը՛-հոգևոր, մեզ կայլասերեն: Ամերիկացիներն այդպիսի դոկտրիններ ունեն, որ 1954 թվականից մինչև այսօր օգտագործում են, այլ ազգերի բարոյահոգեբանական համակարգում սփռում են այլասերություն: Դա արվում է զանգվածային հաղորդակցության միջոցներով, և դրա հեղինակները հետագայում դառնում են ԱՄՆ-ի պետքարտուղարներ ու նախագահներ: ՈՒ դա արվում է ոչ թե հատուկ մեր` հայերիս նկատմամբ, այլ բոլոր ազգերի: Իսկ ես կարծում եմ, որ մենք de facto այնքան էլ վատ վիճակում չենք: Անոմալիա կա. գտնվում ենք շրջափակման մեջ, փոքր երկիր ենք, բայց պատերազմում հաղթանակած, փաստացի մեր պատմական հողերը հետ վերցրած (թեև իրավաբանորեն դեռ չգրանցած) երկիր ենք: ՈՒ եթե ասենք, թե ամբողջ ազգն է սոված, սուտ կլինի:
-Ինչպե՞ս բացատրել այն երևույթը, որ ղարաբաղցիներն այսօր իրենց հույսը կապում են Հայաստանում աշխատող ղարաբաղցի ղեկավարների հետ, այն դեպքում, երբ Ղարաբաղն ազատագրել ենք ազգովին` տարբերություն չդնելով ղարաբաղցու, գյումրեցու, լոռեցու կամ երևանցու միջև:
-Այդ անվերջանալի զազրախոսությունները, իրար վրա կեղտ շպրտելը, ազգի մեջ պառակտում մտցնելը մեծագույն թշնամություն է, ու այդ թշնամին մեր մեջ է: Թումանյանն էլ էր գյուղից, Վիկտոր Համբարձումյանն էլ, Պարույր Սևակն էլ: Ազգային մեծ խնդիրներին մոտենալ այն տեսանկյունից, թե ով որ գյուղից է, ով որ սարից, չի կարելի: Նեղ փանջունիական, կուսակցական, գավառական մակարդակով իրավունք չունենք նայելու ազգային խնդիրներին: Բայց ենթադրում եմ, որ Ղարաբաղի ժողովուրդն իր համերկրացիներին ներքուստ ավելի է վստահում, քան մյուսներին, որովհետև մտածում է, որ նրանց` իշխանության գլխին լինելը գարանտ է, որ Ղարաբաղը չեն տա:
-Համաներումը` համաներում, բայց, փաստորեն, առայսօր պատժված չեն մարտի 1-ի իրական մեղավորները: Ի՞նչ հանգուցալուծում եք ենթադրում այս թնջուկի համար:
-Հանգուցալուծումը մինչև վերջ գնալը և մարդասպաններին, կատարող ձեռքերին (անկախ նրանից` ուսադիրներո՞վ են, թե՞ անուսադիր) պատժելն է: Մի ժողովուրդ ենք, և կապ չունի` մարդասպանը օրենքի՞ մարդ է եղել, թե՞ ղաչաղ: Ցանկությունս է` այնքան հետամուտ լինեն, որ այդ մարդկանց դատեն: Ինչ վերաբերում է մարտի 1-ին ու համաներմանը, մեր ազգային ողբերգությունն էր, որ էլի իրար մորթեցինք, իսկ համաներումն էլ, ըստ իս, կարող էր ավելի շուտ լինել և այսքան քաղաքական շահարկումների պատճառ չդառնալ:
«ԲՈԼՈՐՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԳԻՏԵՆ. Ե՛Վ ՆԱԶԱՐ ԵՆ, Ե՛Վ ՓԱՆՋՈՒՆԻ»
-Վերջերս արժանացաք ՀՀ նախագահի մրցանակին, և շահարկվեց այն տեսակետը, թե մրցանակները տրվում են յուրայիններին, թե դրանք նպատակ ունեն «ձեռնասուն» դարձնելու ըմբոստ արվեստագետներին: Ձեր պատասխանը:
-Չէի ցանկանա այդքան տխուր բնութագիր տալ իմ քսանհինգամյա գործունեությանը: Ներեցեք, բայց պիտի մեծամտաբար նշեմ, որ պատիվ ու բախտ եմ ունեցել համազգային մասշտաբի այնպիսի նախագծերի հեղինակը լինելու, ինչպիսիք էին «EXPO-2000»-ը, Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությանը նվիրված «Վառիր քո մոմը» էպիկական ներկայացումը, Հայկական բանակի 15-ամյակին նվիրված տոնակատարությունը և այլն, և այլն: Օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներո՞վ է դա պատահել, վարչապետերը ընկերնե՞րս են եղել, թե ոչ, ես եմ եղել այդ նախագծերի բեմադրող ռեժիսորը: Չեմ թաքցնում, որ այսօր հպարտանում եմ եթերում ու բեմում աշխատող իմ աճեցրած սաներով, թեկուզ միայն նրանց գրագետ հայերեն խոսելու կարողությամբ, պրոֆեսիոնալիզմով: Այսինքն, չեմ ուզում, որ իմ այդ վաստակն անտեսվի, և միայն հիշատակվի այն, որ ես այս կամ այն պաշտոնյայի ընկերն եմ, մտերիմն եմ, դրա համար են ինձ մրցանակ տվել: Հիմա մեզանում մոլեռանդ նեոբոլշևիզմի տենդենց կա: Շրջանառվում է «Ով մեզ հետ չէ, դավաճան է» (ամենաքիչը` ազգի) կարգախոսը: Չգիտես ինչու, ազգն ու ժողովրդին պրիվատիզացրել են, տարածված մի դիմելաձև է դարձել «իմ ազգ», «իմ ժողովուրդ» ոճը: Եվ ով իրենց հետ չէ, ենթակա է ոչնչացման: Այս ռեակցիոն, նեոբոլշևիկյան կատաղությունը հիմա էս երկրին, էս ժողովրդին պետք չէ: Հաստատ: Եթե այսօր իմ վաստակի գնահատականը դիտվում է իբրև պատասխան այն բանի, թե ես ում եմ տվել իմ ձայնը, իմ քվեն, ապա ես շատ ցավում եմ դրա համար: Եթե ես որևէ կարծիք եմ հայտնում, ապա այդ կերպ մեդալի համար դիմում չեմ գրում և պարգևատրվողների ցուցակի մեջ հերթ չեմ կանգնում: Այդ պարգևն ինձ համար անակնկալ էր, որի համար շնորհակալ եմ: Դա պարտավորեցնում է, վկայում, որ անիմաստ չի եղել կատարածդ աշխատանքը, որ իզուր չես կռիվ տալիս, թատրոն պահում, սերունդ դաստիարակում: Մի տխուր բանի մասին ևս կուզենայի խոսել: Համընդհանուր տգեղ լռություն կա մտավորականների շրջանում, մասնավորապես այն մտավորականների, որոնք գործունեության դաշտ են ստացել գոնե վերջին երկու-երեք տարիների ընթացքում: Իսկ այդպիսիք, բարեբախտաբար, շատ են թե՛ երաժշտության, թե՛ պարարվեստի, թե՛ թատերական, թե՛ այլ ոլորտներում: Բոլորը որոշակի դոտացիաներ են ստացել մշակույթի նախարարությունից, որի շնորհիվ մշակութային դաշտն ակտիվացել է, իսկապես կատարվել է մշակութային ինտեգրացիա: Եթե խոսում ենք եվրաինտեգրացման մասին, ավելի լավ է մշակութային արժեքներն ինտեգրենք, քան թե այլասերված սոցիալական, բիսեքսուալ, աղանդային աղբը: Հիմա ունենք լավ թատրոններ, լավ սիմֆոնիկ նվագախմբեր, լավ գրքեր: Եվ այս մշակութային ակտիվության մեջ գերակտիվ հարձակում է սկսվել Հասմիկ Պողոսյանի դեմ: ՈՒ սրա հետ կապված ոչ ազնիվ լռություն կա: Բոլորը, կարծես, սպասման մեջ են: Դա մտավորականի կեցվածք չէ: Մեր նախարարությունը, մեր նախարարը բավական շատ բան են արել, բայց երբ ադմինիստրատիվ ռեֆորմներ են սկսվում, բոլոր կուսակցությունները, բոլոր թերթերը միանգամից ուզում են կոտրել այդ ակտիվ գործընթացը: Բոլորն ամեն ինչ գիտեն. և՛ Նազար են, և՛ Փանջունի: Իսկ ես գիտեմ, որ այսօր բամբասանքի մակարդակով շահարկվող փաստերն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը:
-Ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք առաջիկայում:
-Զուտ ստեղծագործական առումով այս պահին ինձ զբաղեցնում է միայն Տոնինո Գուերայի «Մեղր» ներկայացումը, որ բեմադրվելու է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծ բեմում` սունդուկյանցիների և գոյականների համատեղ ուժերով: Պրեմիերան, կարծում եմ, կկայանա հոկտեմբերի վերջին:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2975

Մեկնաբանություններ